Բաժիններ՝

Էրդողանի մասին տեսահոլովակի պատճառով Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը մարտի 17-ին գերմանական ARD հեռուստաալիքով extra 3 երգիծական հաղորդման պատճառով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, երկուշաբթի հայտնել է գերմանական der Spiegel հանդեսը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Հաղորդման ժամանակ գերմանական հանրային հեռուստաալիքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը նվիրված տեսահոլովակ է ցուցադրվել:

Երկու րոպե տեւողությամբ տեսահոլովակի հեղինակները, մասնավորապես, ծաղրի են ենթարկել Էրդողանի «լայն ու փարթամ ապրելու» ցանկությունը, ինչպես նաեւ երկրում մամուլի ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների սահմանափակումները:

«Լրագրողը, որը գրում է այն մասին, ինչ դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է ճաղերի հետեւում», -այլ բաների թվում ասվում է տեսահոլովակում:

Extra 3 հաղորդաշարը պարբերաբար եթեր է դուրս գալիս նաեւ գերմանական NDR հեռուստաալիքով:

Der Spiegel-ը չի հայտնել գերմանացի դեսպանի հետ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների զրույցի մանրամասները: Հրատարակությունը միայն նշել է, որ «զրույցը շատ երկար է եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս