«Կարելի էր ինֆարկտ ստանալ՝ լսելով Օբամային». Ֆիդել Կաստրո
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն թերահավատորեն է վերաբերվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ երկու երկրների մերձեցման մասին հայտարարություններին:
Անցած շաբաթ Կուբա այցելության ժամանակ Օբաման ելույթ էր ունեցել՝ հայտարարելով, թե Սառը պատերազմի ժառանգությանը վերջ է տրվել, և Վաշինգտոնը բարեկամության ձեռք է մեկնում Հավանային, գրում է RIA Novosti-ն:
Այսօր Ֆիդել Կաստրոն Granma թերթում «Եղբայր Օբամա» վերնագրված հոդված է հրապարակել, որը նվիրված է եղել ԱՄՆ նախագահի Կուբա այցին:
«Կարելի էր ինֆարկտ ստանալ՝ լսելով ԱՄՆ նախագահին»,- գրում է Կաստրոն ու ուշադրություն հրավիրում վերջին 60 տարում Կուբայի դեմ ամերիկյան իշխանությունների թշնամական քայլերին: Նրա խոսքով՝ կուբացիները առանց ԱՄՆ-ի «ժեստերի» էլ յոլա կգնան:
«Պետք չէ պատրանքներ ունենալ, որ այդքան ինքնազոհ ու վեհանձն ժողովուրդը կհրաժարվի իր փառքից ու իր իրավունքներից: Մենք ի վիճակի ենք ինքներս արտադրել պարենային ու նյութական բարիքներ, որի կարիքն զգում ենք: Մեզ հարկավոր չեն նվերներ կայսրությունից»,- ասվում է հոդվածում:
Օբաման 2014թ. վերջին հայտարարեց Հավանայի հետ հարաբերությունների լավացման գործընթաց սկսելու մասին, որը խզվել էր 1960-ականներին: Նա վերջին 90 տարում Կուբա այցելած առաջին նախագահն էր: