Գայլի հարձակումից տուժած կնոջ վիճակը կայունացել է
Խաչիկ գյուղում գայլի հարձակումից լուրջ վնասվածքներ ստացած 75 ամյա կնոջ վիճակը կայունացել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Հիվանդի գիտակցությունը տեղն է: Արհեստական շնչառական սարքն անջատված է, հիվանդն արդեն շնչում է ինքնուրույն: Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է և սպասում է հաջորդ վիրահատությանը»,-ասաց Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, գայլի հարձրակումից տուժած կինը մեկ անգամ վիրահատվել է: Նախ վիրաբուժական մշակում է կատարվել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնվել է աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել: Աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:
Հիշեցնենք նաև, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 75-ամյա բնակչուհին գայլի հարձակումից դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել: Նա սկզբում բժշկական օգնություն է ստացել Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: