Սուրեն Թադևոսյանը ֆինանսական օգնության կարիք չունի
Դիմում եմ Սուրիկի բոլոր ընկերներին: Շնորհակալություն ձեր անկեղծ մասնակցության և օգնելու ցանկության համար, շնորհակալություն սրտացավ հոդվածների և մեկնաբանությունների համար:
Թող Աստված պահապան լինի ձեզ ձեր բարության համար: Սուրիկի առողջական վիճակը ծանր է, անկանխատեսելի և կախված չէ որևէ բժշկական գործողությունից: Միակ բանը, որ հիմա կարելի է անել, հավատալն է և սպասելը: Նրա բժշկական օգնությունն ապահովում է Իսպանիան: Այս ամենը փոխանցել անհատների ես չեմ կարող. նրա դեպքում սպասարկման անհրաժեշտ մակարդակը շատ բարձր մասնագիտացման աստիճան է պահանջում, և այն շատ թանկ կլինի նույնիսկ ոչ եվրոպական մասշտաբներով: Ոչ մի դեսպանատուն, ոչ մի հանգանակություն չեն կարող մշտապես և երկարաժամկետ ապահովել այս օգնությունը:
Այդ իսկ պատճառով բոլոր հանգանակություններն անիմաստ են` Սուրիկը ֆինանսական օգնության կարիք չունի: Եթե ընկերներից ինչ-որ մեկը կուզենա տեսակցել նրան, խնամել և այլն` Աստված թող նրան առողջություն տա: Բայց պետք չէ սա գումարի հանգանակության հանրային միջոցառման վերածել: Չկա և չի լինելու որևէ հաշվեհամար` ուղղված Սուրիկի համար գումար հավաքելու նպատակին: Իսկ ով ում ինչ է ուզում փոխանցել և ինչի համար, դա Սուրիկի հետ որևէ կապ չունի, և խնդրում եմ սա նրա անվան հետ չկապել:
Եվ, ամենակարևորը, խնդրում եմ բոլորին դադարել այս ամենից շոու սարքելը: Մարդու հիվանդությունը` թեկուզ հայտնի մարդու, անձնական և ընտանեկան հարց է: Պետք չէ սա քննարկել հանրային հարթակներում: Ոչ ինձ, ոչ էլ Սուրիկի հարազատներին այսօր հաճելի չէ, որ տարածվող հոդվածներում տարբեր հիմարներ քննարկում են, թե ում պետք է պարգևատրի Սերժ Սարգսյանը, բնության մեջ կա արդյոք շաքարախտ հիվանդություն և այլ հիմարություններ: Դուք կարող եք ցանկացած տեսակետ ունենալ, սակայն, խնդրում եմ, տարրական տակտ ունեցեք: Սեղանի շուրջ նրա կենացը խմեք, աղոթեք եկեղեցիներում և ձեր մտքերում, սակայն սա մի հանրայնացրեք: Խնդրում եմ: Եվս մեկ անգամ, շնորհակալություն:
Դավիթ Թադևոսյան