Բաժիններ՝

Ի՞նչ չարաշահումներ կան սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության ոլորտում

ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության արդյունավետության և օգտագործման հնարավոր խախտումների վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Էկոնոմիկայի ու Ֆինանսների նախարարություններին՝ Վերահսկիչ պալատի հետ միասին, քննարկել այդ հարցը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման ու հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ:

168.am-ը Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խախտումների մասին է խոսքը: Նա նշեց, որ խնդիրը սոցիալական փաթեթի ծառայությունների բարելավմանն է ուղղված, հնարավոր չարաշահումների բացառմանը:

Ըստ Մ.Ապրեսյանի՝ նախատեսվում է միջգերատեսչական աշխատանքային խումբ ձևավորել և քննարկել խնդիրները, ձևավորել առաջարկներ և ներկայացնել կառավարությանը: Ըստ նրա՝ հանդիպում են ունեցել նաև զբոսաշրջային ընկերությունների և հյուրանոցային օբյեկտների ներկայացուցիչների հետ:

Հարցին, թե արդեն իսկ ի՞նչ չարաշահումներ են եղել, որոնց մասին խոսել է վարչապետը, Մ.Ապրեսյանը պատասխանեց. «Ընդհանրապես բողոքներ, խնդիրներ և մեզնից էլ առաջարկություններ ու վերլուծություններ են եղել, նաև՝ հենց հանձնարարական»:

Վարչության պետը նաև նշեց, որ ըստ ներկայացված հաշվետվությունների՝ սոցիալական փաթեթով հանգստի կազմակերպման համար 2015թ.-ին ավելի քան 50 հազար պայմանագիր է կնքվել:

«ԱրմՀոթելս» ընկերության տնօրեն Աշոտ Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնական խնդիրները կապված են բանկերի փոխանցումների հետ. «Կարելի էր այդ ամենը մի քիչ ավելի հստակ կատարել: Գումարն ամսական է փոխանցվում, կառավարությունն ամեն ամիս 6000 դրամ հատկացնում է անձին, բայց բանկերից մեր հաշվին կարող է 3-4 ամիսը մեկ 18 հազար դրամ փոխանցվի, կամ երկար ժամանակ չլինի, հետո միանգամից մեծ գումար փոխանցվի»:

Ըստ նրա՝ շատ խոսակցություններ կան՝ հանգստանալու փոխարեն՝ գումարի կանխիկացման հետ կապված չարաշահումների մասին:

«Ծրագիրը շատ լավն է և շատ լուրջ խթան է տալիս ներքին տուրիզմին, բայց իր նպատակին ամբողջությամբ չի ծառայում: Իրոք լուրջ ստուգման և հետազոտության կարիք ունի այս ոլորտը»,- ասաց Ա.Նազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս