Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանի ահաբեկչության երրորդ մասնակիցը ձերբակալվել է

Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության երրորդ մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է Soir թերթը: Ենթադրվում է, որ նա եղել է ահաբեկիչներ հավաքագրողն ու ա ռաջնորդը: «Բելգիայի դատախազության շենքի մոտ ավտոմեքենայի զննման ժամանակ հայտնաբերվել է Ֆեյսալ Շեֆֆուն, ով ճանաչվել է որպես մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի երրորդ մասնակից: Նրան ճանաչել է ահաբեկիչներին օդանավակայան տեղափոխած տաքսիստը»,- գրել է թերթը:

Դատախազությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը, միաժամանակ, թերթի աղբյուրների պնդմամբ` ոստիկանությունում կան հիմքեր կարծելու, որ ձերբակալված Ֆեյսալ Շեֆֆուն հանդիսանում է բաց հագուստով և գլխարկով մարդը, ում լուսանկարը տարածվել է ԶԼՄ-ներով:

Ավելի վաղ ԴՆԹ-ի միջոցով հաստատվել էր մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում պայթյուն իրականացրած երկու մահապարտների ինքնությունը: Նրանք էին` Բրահիմ Բաքրաուին (ում եղբայրը` Խալիդ Բաքրաուին, նույն օրը մահաբեկչական ակտ է իրականացրել Բրյուսելի մետրոյում) և Նաջիմ Լահրաուին, սակայն նրանց ուղեկցած բաց հագուստով երրորդ մարդը, ով լքել էր շենքը մինչև պայթյունը, դեռևս մնում էր անհայտ:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս