Զատկի տոնին Թուրքիայի եկեղեցիներում անվտանգության միջոցներ են ձեռնարկվելու
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հատուկ գրություն է ուղարկել իր միավորումներին` հորդորելով Սուրբ Զատկի տոնակատարությունների շրջանակում ձեռնարկել անվտանգության միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Անվտանգության վարչությունից հայտնել են, որ եկեղեցիներում, ինչպես նաև քրիստոնյա և հրեա փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներում հատուկ ստուգումներ կանցկացնեն` համոզվելու, որ որևէ սպառնալիք չկա:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը կապ է հաստատել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ, ով տեղեկացրել է, որ իրենց գրավոր որևէ նախազգուշացում չի եկել: Նախազգուշացման մասին տեղեկություններից հետո Աթեշյանը խոսել է Ստամբուլի նահանգապետարանի հետ, որտեղից էլ հայտնել են, որ «բոլոր եկեղեցիներում անվտանգության ուժերի կողմից միջոցառումներ են ձեռնարկվելու»: