Բաժիններ՝

Բերքաբերում ադրբեջանական կրակոցից վիրավորված հայ գյուղացին վիրահատության կարիք չի ունենա

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում ադրբեջանական կրակոցից վիրավորված հայ գյուղացին` 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, վիրահատության կարիք չի ունենա: Այս մասին տեղեկացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նա նշում է, որ հիվանդը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի և բուժումը կշարունակի ստանալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում: «Տավուշի մարզից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը կայուն է գնահատվում: Տուժածի մոտ առկա է ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասվել են փափուկ հյուսվածքները, վերքը չթափանցող է: Հիվանդն ունի նաև երրորդ կողի կոտրվածք: Մինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Իջևանի բժշկական կենտրոնում նախնական մշակման է ենթարկել վերքը, դադարեցվել է արնահոսությունը:
«Էրեբունի» ԲԿ-ում անմիջապես առաջնային մշակման է ենթարկվել վերքը, հեռացվել են օտար մարմինները»,-նշում է Հունանյանը:

Մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Արցախում ևս արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներն անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս