Կուբայում Rolling Stones-ի պատմական համերգին ներկա են եղել հարյուր հազարավոր մարդիկ
Բրիտանական լեգենդար Rolling Stones ռոք խումբն անվճար համերգով ելույթ է ունեցել Կուբայում՝ հավաքելով հարյուր հազարավոր հանդիսատեսի, հայտնում է BBC-ն: Կուբացիները հավաքվել են Հավանայի հսկայական «Սյուդադ Դեպորտիվո» մարզահամալիրում համերգից ժամեր առաջ, որը Կուբայում արդեն պատմական են անվանում:
Նման կարգի մեծության աստղեր Կուբայում չեն եղել այն ժամանակից ի վեր, երբ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն 1961թ. կղզում փաստացի արգելեց ռոք երաժշտությունը՝ այն անվանելով դեկադենտական:
Համերգին ներկա մարդկանց թիվը հստակ ասելը դժվար է, սակայն իշխանությունները լեփ-լեցուն մարզադաշտում գտնվող մարդկանց թիվը գնահատում են կես միլիոն մարդ:Մեկ այլ գնահատականի համաձայն՝ հանդիսատեսի թիվը եղել է մոտ 200 հազար:
Rolling Stones-ի համերգը Կուբայում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից 3 օր հետո: Խումբը կատարել է 18 երգ, ընդ որում, ընտրել իր երգացանկի ամենահայտնի երգերը՝Paint it Black, Gimme Shelter, Brown Sugar: Շոուն տևել է ավելի քան 2 ժամ ու ավարտվել է խմբի երևի թե ամենահայտնի երգով՝ Satisfaction-ով: