Բաժիններ՝

Ամեն ինչ Ս. Մյուռոնի մասին

«Մյուռոնը» հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Հնում ձիթենու յուղ էին օգտագործում արևելյան ազգերը և հատկապես հրեաներն իրենց աստվածպաշտության մեջ: Աստված Ինքը Մովսեսին պատվիրեց օծության յուղի պատրաստման ձևը, որով զանազան առարկաներ էին օծում (տե՛ս Ելք. 30. 22-33): Օծումից հետո դրանք դառնում էին սրբագործված, զանազանվում մյուսներից և օգտագործվում ծիսական արարողությունների ժամանակ: Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ: Ի դեպ` հունարեն «Քրիստոս» բառը նշանակում է հենց «Օծյալ»: Եվ արդեն Նախնի Եկեղեցում հանդիպում ենք յուղերով օծելու զանազան դեպքերի: 

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ: Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո և նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաև հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում և ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը: Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ ևս փաստում են Ս. Մյուռոնի կարևորությունն ու դերակատարությունը մեր «փոքր ածուի» հոգեմտավոր կյանքում:

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է ԺԳ դարի նշանավոր աստվածաբան, մեկնիչ, տոմարագետ, մանկավարժ և պատմագիր Վանական վարդապետի «Հայ ազգի գովեստը» աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Հայաստան գալով` նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը: Այդտեղ իջած լույսով և Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ Հայոց առաջին Հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Հետագայում մեր հավատքի հայր Ս. Գր. Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»: Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը:

Հայոց Եկեղեցում կատարվում են մի շարք ծեսեր և կանոններ, որոնց ժամանակ օգտագործվում է Ս. Մյուռոնը: Դրանք են`

1. Ս. Դրոշմի խորհուրդը, որը հաջորդում է անմիջապես Ս. Մկրտությանը: Արարողության ժամանակ քահանայական աստիճան ունեցող հոգևորականը Ս. Մյուռոնով օծում է մկրտյալի մարմնի ինը մասերը` նրան փոխանցելով Ս. Հոգու շնորհները:

2. Ս. Մյուռոնով են կատարվում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Քահանայական օծման ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսն օծում է ընծայացուի ճակատը և երկու ձեռքերը, եպիսկոպոս ձեռնադրելիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծում է ապագա եպիսկոպոսի ճակատը և աջ բթամատը` իշխանություն տալով նրան ձեռնադրություններ կատարելու, եկեղեցիներ օծելու և այլն: Մեր Եկեղեցում օծվում է նաև Հայոց Հայրապետը: Ս. Մյուռոնը հեղվում է նրա գլխին` որպես Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի և Լուսավորչի հոտի միությունը պահպանողի: Մյուռոնով օծվելն է պատճառը, որ հայ հավատացյալը համբուրում է օծված հոգևորականի աջը, իսկ ձեռնադրությունից հետո` օծված ճակատը: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները:

3. Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը, Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը և եկեղեցու սյուները: Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Ս. Պատարագ, քանզի այն արդեն սրբագործված է և մաքուր:

4. Ամեն տարի հունվարի 6-ին` Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Ս. Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուսի վրա Ս. Հոգու էջքի: Այս կապակցությամբ գեղեցիկ մի ազգային ավանդությունն են մեջբերել Արիստակես Լաստիվերտցի և Կիրակոս Գանձակեցի պատմիչները: Ըստ վերջիններիս` ԺԱ դարում Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը Վասիլ Բ կայսեր կարգադրությամբ հունվարի 6-ին մեծ շուքով Ջրօրհնեք է կատարում Տրապիզոնում:

Երբ Հայոց Հայրապետը Ս. Մյուռոնը կաթեցնում է գետի ջրի մեջ, լույսի մի խուրձ է փայլատակում, և որպես ապացույց Հայոց Ս. Մյուռոնի աստվածային ծագման և սրբության, գետը մի պահ կանգ է առնում: Պատմիչների մեջբերած այս գեղեցիկ պատմությունը կրկին վկայում է Ս. Մյուռոնի հանդեպ տածած մեր ժողովրդի խորը հարգանքի և անհուն սիրո մասին:

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս