Հրապարակվել է Փարիզում և Բրյուսելում կատարված ահաբեկչությունների նոր կասկածյալի լուսանկարը
Բելգիացի քննիչները հրապարակել են Փարիզում եւ Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների մասնակցության նոր կասկածյալի լուսանկարը, տեղեկացնում է Derneire Heure թերթը: Ըստ թերթի՝ խոսքը վերաբերում է Նաիմ ալ Համիդ անվամբ 28-ամյա սիրիացուն:
Նա ընդգրկված է Եվրոպայի այլ երկրների հակաահաբեկչական ծառայությունների կողմից որոնվողների ցուցակում՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում եւ մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կազմակարպման կասկածանքով: Նրա լուսանկարի տակ զետեղված է «շատ վտանգավոր է, հնարավոր է՝ զինված է» գրությունը:
Մարտի 22-ին երեք պայթյուն է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: Թագավորության առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ դրանք 31 մարդու կյանք են խլել, 316 հոգի վերքեր են ստացել, նրանցից 121-ը գտնվում են հիվանդանոցներում: Մարտի 24-ին երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առավելագույն չորրորդից իջեցվել Է երրորդ մակարդակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: