Սուրբ Զատիկի կերակրատեսակները պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն հետևել սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու ամենագունեղ ու, թերեւս, ամենատարածված տոնն է: Այն նշանավորվում է նաև է Մեծ պահքի ավարտով:
Այդ օրերին առողջական խնդիրներից, սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով Սուրբ Զատիկի կերակրատեսակները պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն հետևել սննդի պատրաստման անվտանգության կանոններին։ Դրանք են.
- Ձուկը մաքրել և լվանալ հոսող խմելու ջրով: Հում ձուկը և միսը մշակելիս օգտագործել խոհանոցային առանձին պարագաներ՝ կտրտման տախտակ, դանակ։ Օգտագործելուց հետո դրանք պետք է լվանալ տաք օճառաջրով, պարզաջրել և վերջում ողողել եռացած ջրով:
- Խոհանոցային առանձին պարագաներ օգտագործել նաև եփված և հում սննդամթեքը կտրտելիս, սառնարանում դրանք պահպանել առանձին տարաներում:
- Կանաչեղենը մաքրել և մոտ 10 րոպե լվանալ խմելու հոսող ջրով:
- Ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով և տաք ջրով սնունդ պատրաստելուց առաջ և պատրաստելու ընթացքում պարբերարար, հատկապես` հում մթերքը մշակելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ:
- Մթերքը ենթարկել պատշաճ ջերմային մշակման:
- Մթերքը պահել ճիշտ ջերմաստիճանում: Եփած մթերքը պետք է պահել սառնարանային պայմաններում՝ +2-+6 0C. եփած ձուկը ` 24- 48 ժամ, եփած միսը՝ 24-36 ժամ, եփած ձուն՝ 24 ժամ, եփած բրինձը՝ 12 ժամ, բանջարեղենային աղցանները՝ 18 ժամ։
- Ներկել պետք է չվնասված, ամբողջական կեղևով ձուն: Նախքան եփելն այն պետք է լվանալ, այնուհետև եփել ջուրը եռալուց հետո առնվազն 10 րոպե:
- Ձվերը պետք է ներկել միայն բնական ներկերով: Ավանդաբար ընդունված է Զատկին ձուն ներկել կարմիր գույնով: Կարմիր գույն ստանալու լավագույն միջոցը կարմիր սոխի կճեպն է կամ տորոն բույսի կարմիր արմատները: Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, ապա այն կարելի է ստանալ բանջարեղենի ու համեմունքների օգնությամբ: Օրինակ դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկի մեջ եփված ձուն եռացնելով: Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն, սպանախը՝ կանաչ, կարմիր կաղամբի միջոցով կարելի է ստանալ կապույտ ձու, ստեպղին օգտագործելիս կարելի է ստանալ նարնջագույն երանգ:
Հիշե՛ք.
Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար: Քանի որ բավական երկար ժամանակ միայն բուսական սնունդ օգտագործելով մարսողական համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվում, և մարդու օրգանիզմը հարմարվում է զուտ բուսական սննդի յուրացմանը: Միս և կենդանական ծագման այլ սնունդ յուրացվելու համար օրգանիզմին որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Ցանկալի է սկզբից օգտագործել առավել հեշտ յուրացվող մսամթերք՝ ձուկ և հավի միս, խուսափել յուղոտ տավարի, ոչխարի, խոզի մսից, սնկից:
Կարմիր գինին ևս պետք է օգտագործել չափավոր` օրվա ընթացքում 100-200մլ: Խուսափեք քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումից: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ազատ շաքար, արհեստական հավելումներ՝ ներկանյութեր, կոնսերվանտներ, համաբուրավետիչներ, որոնք վնասակար են առողջությանը: Զատիկի սեղանին ցանկալի է օգտագործել միայն բնական հյութեր:
Խորհուրդ է տրվում նաև կերակրատեսակները պատրաստել եփման, շոգեխաշման միջոցով, աղցանները լցոնել ոչ թե թթվասերով ու մայոնեզով, այլ` բուսայուղերով: