
Մատվիենկոն անվանել է Թուրքիայի հետ հարաբերությունների «ապասառեցման» պայմանները

Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է «ապասառեցնել» Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանով, եթե վերջինս պատասխանատվություն ստանձնի խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Ռուս-թուրքական հարաբերությունները, մեղմ ասած, լավ ժամանակներ չեն ապրում: Ինչպես գիտեք, սառեցումը մեր մեղքով տեղի չի ունեցել: Մենք պատրաստ ենք դրանք «ապասառեցնել», պայմանով, որ Թուրքիայի ղեկավարությունն իր պատասխանատվությունը ստանձնի Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի համար, սակայն թուրքական կողմից դեռ անգամ դրա ակնարկը չկա»,- հայտարարել է նա RIA Novosti-ին տված հարցազրույցում:
Մատվիենկոն նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որն արգելափակում է քրդերի մասնակցությունը Ժնևի միջսիրիական բանակցություններին:
«Այդ դիրքորոշումը հակասում է ՄԱԿ-ի բանաձևին, սակայն Անկարան համառում է, ինչը, իհարկե, խոչընդոտում է Սիրիայում խաղաղ գործընթացի զարգացմանը, ուժերի կոնսոլիդացմանը, որոնք հանդես են գալիս միջազգային ահաբեկչության դեմ»,- հայտարարել է նա: