
Տարածաշրջանային բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով. Վրաստանի ԱԳ նախարար

«Պետք է զարգացնանք հայ-վրացական ավանդական լավ հարաբերությունները»,- այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Միխեիլ Ջանելիձեն, ով իր նախարարական պաշտոնում առաջին այցը կատարել է Հայաստան:
Նա նշեց, որ պետք է անել ամեն ինչ երկու երկրների միջև ձևավորված ավանդական լավ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու համար: Ըստ նրա`Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը պետք է խորանա և ամրապնդվի: Ջանելիձեն նաև նշեց, որ ողջունելի է, որ չնայած արտաքին ինտեգրացիոն տարբեր վեկտորների առկայությանը, Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները զարգանում են ակտիվորեն:
«Այսօր խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ գործընթացները մեր համագործակցության և մեր համատեղ ծրագրերի համար: Հանդիպման ժամանակ, ինչպես նշեց պարոն նախարարը, քննարկեցինք երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ և խոսել ենք հարաբերությունների հեռանկարների մասին: Խոսել ենք խորհդատվությունների ակտիվացման մասին ոչ միայն փոխնախարարների, այլև դեպարտամենտների մակարդակով: Ինձ համար մեծ պատիվ կլինի, պատրաստ եմ հյուրընկալվել պարոն Նալբանդյանին՝ նրա համար ցանկացած ժամի: Մեր նպատակն է, որ մենք իրականացնենք բարձրաստիճան այցելությունները մեր երկու ժողովուրդների համագործակցության զարգացման համար»,- ընդգծեց նա:
Միխեիլ Ջանելիձեն նաև նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները: «Մենք խոսել ենք տարածաշրջանում առկա հակամարտությունների մասին և մենք եկել ենք այն եզրակացության, որ տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները անպայման պետք է կարգավորվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով»: