Նոր մանրամասներ Ստամբուլում սպանության դեպքից. 67-ամյա անձը ՀՀ քաղաքացի չէ, պոլսահայ է

Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Յեդիքուլե թաղամասում իրականացված սպանության մասին նոր մանրամասներ են պարզվել: Թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնել է, որ սեփական տանը սպանվել է միայնակ ապրող 67-ամյա Դիրագոս Քարաօղլանօղլուն, ում մարմնի ձախ մասը մասամբ կաթվածահար եղած էր, և ով ուներ խնամող:

«Սաբահ»-ը գրում է, որ դեպքի օրը Քարաօղլանօղլուի խնամող Ֆաթմա Դ.-ն իր երկու ընկերոջ հետ եկել է նրա տուն: Այդ ընկերների և Քարաօղլանօղլուի միջև վեճ է ծագել, ինչի հետևանքով երկու անձինք ծեծելով սպանել են 67-ամյա Քարաօղլանօղլուին:

Հանցագործները փախուստի են դիմել: Ստամբուլի ոստիկանությանը, սակայն, հաջողվել է գտնել և ձերբակալել Ֆաթմային և նրա ընկերներին` Հուսեյն Յ.-ին և Ռասիմ Բ.-ին: Վերջիններիս անունները Ստամբուլի ոստիկանությունում գրանցված է որպես նախկինում հանցագործություն իրականացրած անձինք:

«Արմենպրես»-ը դեպքի առնչությամբ կապ հաստատեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ, ով նշեց, որ Ստամբուլում կա Քարաօղլանօղլուների հայկական գերդաստան, և հնարավոր է, որ սպանվածը, ում անունը ենթադրաբար Կիրակոս է, հայ է: Այլ մանրամասներ, սակայն, սպանվածի ազգային պատկանելության և գործի վերաբերյալ Գոչունյանն այս պահին չկարողացավ հայտնել:

Ավելի վաղ սպանության դեպքի մասին հրապարակում էր արել թուրքական մեկ այլ` «Վաթան» պարբերականը, որը նշել էր, թե սպանվողը ՀՀ քաղաքացի է: Հրապարակման մեջ նշվել էր, թե սպանվել է Հայաստանի 49-ամյա քաղաքացի Դրագոս Ք.-ն, ով իր տանը ծեծի է ենթարկվել Հուսեյն Յ.-ի կողմից: «Ոստիկանությունը քննություն է իրականացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ Դրագոսն իր տունը վարձակալելու է տվել Ֆաթմա Յ.-ին, ով զբաղվում է մարմնավաճառությամբ: Հանցագործության օրը հայաստանցին սպանվել է հենց Ֆաթմայի հաճախորդի կողմից, ով մահացու ծեծի է ենթարկել Դրագոսին: Թուրքիա յի իրավապահ մարմինները ձերբակալել են Ֆաթմա Յ.-ին, Հուսեյն Յ.-ին և Ռասիմ Բ.-ին»,- ասվում էր «Վաթան»-ի հրապարակման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս