
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Ալիևի մեղադրանքները

Ռուսաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, որով նա Մինսկի խմբին որոշ համանախագահների մեղադրում է «իրենց գործողություններով հակամարտության սառեցմանը նպաստելու մեջ»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը ևս «լուծում է փնտրում այս բարդ իրադրության մեջ, որը երկկողմ հարաբերություններում երկար տարիներ ի վեր շարունակում է մնալ որպես լրջագույն խնդիր»: «Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից»,- ասել է Զախարովան` հավելելով, որ այդ ամենը պետք է արվի միջազգային իրավունքի, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա: