«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի մասին
2015 թ. մարտի 24-ին, ժամը 14-ի սահմաններում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցները, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները և մի խումբ այլ քաղաքացիներ Գևորգ Սաֆարյանին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով խաղաղ անհնազանդության ակցիա են կատարել Մաշտոցի պողոտայի վրա (Մաշտոցի պուրակի դիմացի հատվածում):
Ակցիայի մասնակիցները շղթայել էին իրենց ի նշան բողոքի:
Ոստիկանությունը խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ վարվեց ակնհայտ ապօրինի կերպով՝ անհամաչափ բռնության և բերման ենթարկելով ոչ միայն ակցիայի մասնակիցներին, այլև նրանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող այլ քաղաքացիներին:
Ոստիկանության ծառայողները քաղաքացիների, այդ թվում՝ կանանց, նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու ժամանակ հաշվի չէին առնում, որ նրանց ձեռքերը շղթաներով կապած են, ինչի հետևանքով նրանք կարող են մարմնական վնասվածքներ ստանալ: Բացի այդ՝ ոստիկանները սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս քաղաքացիներին և հարվածներ հասցնում նրանց:
Ոստիկանության բռնությունների հետևանքով ակցիայի մասնակիցներից Ռուզաննա Եղնուկյանը, որ պառկած էր ասֆալտին, գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Այս պահին առկա տվյալներով բերման է ենթարկվել առնվազն տասնվեց քաղաքացի, որոնց թվում՝ Գեղեցիկ Տոնոյանը Նառա Դանիելյանը, Հասմիկ Էվոյանը, Սյուզի Գևորգյանը, Ներսես Գևորգյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Կարո Եղնուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Վահրամ Պետրոսյանը, Արմեն Միքայելյանը, Արամ Մանուկյանը, Կարո Հովհաննիսյանը, Տիգրան Մանուկյանը, Հովհաննես Ղազարյանը և Վարդան Բալյանը: