Մոսկվա-Երևան ինքնաթիռի պայթեցման մասին տեղեկատվությունը ստացվել է էլեկտրոնային փոստով. մանրամասներ
168.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա-Երևան ինքնաթիռը պայթեցնելու տեղեկությունների վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ անվտանգության մարմիններն ինքնաթիռը պայթեցնելու մասին տեղեկատվություն են ստացել էլեկտրոնային փոստով: Իրավապահ և անվտանգության համապատասխան մարմիններն այժմ ճշտում են, թե որ երկրից է ուղարկվել տեղեկատվությունն այն մասին, թե ինքնաթիռը պայթեցվելու է: Ստացված ահազանգի մասին հայկական կողմը տեղեկացրել է նաև ռուսական կողմին, քանի որ վերջիններս նման տեղեկություն չէին ստացել:
Մեր տեղեկություններով՝ խոսքը Մոսկվա-Երևան չվերթի մասին է. այն Հայաստան պետք է ժամանի այսօր, ժամը 19:40-ին: Չվերթն իրականացնում է «Vim Airlines» ընկերությունը: Այդ մասին տեղեկություն առկա է նաև «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում, որի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը Հայաստան է ժամանելու ժամանակին:
Այժմ համապատասխան գերատեսչությունները գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում, կատարվում են անվտանգության համար անհրաժեշտ բոլոր գործողությունները, ստուգվել են օդանավակայանի ողջ տարածքը, տերմինալները, վերահսկելի բոլոր տարածքները: Եթե ռուսական կողմը ստուգումների արդյունքում պարզի, որ ամեն ինչ նորմալ է, ապա թռիչքը կիրականացվի, և նշյալ ինքնաթիռը վայրէջք կկատարի օդանավակայանի տարածքում, սակայն՝ փոքր-ինչ այլ վայրում: