
ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կարող են համագործակցել՝ չնայած առկա տարաձայնություններին. Քերի

Վաշինգտոնում վստահ են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են շարունակել արդյունավետ համագործակցությունը, չնայած առկա տարաձայնություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:
«Մենք իսկապես կարող ենք ցուցադրել, թե ինչպես երկու հզոր գերտերություններ, ինչպիսին մեր երկրներն են, կարող են համագործակցել՝ չնայած մի շարք հարցերում առկա տարաձայնություններին: Մենք կարող ենք, եթե առաջանում է նման անհրաժեշտություն, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք այդ մարտահրավերները: Հուսով եմ՝ մեր այսօրվա հանդիպումը կառուցողական կլինի»,- ասել է Քերին:
Սպասվում է, որ Լավրովի հետ բանակցություններից հետո Քերին կհանդիպի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպումների օրակարգերի հիմնական թեման Ուկրաինայի ու Սիրիայի կարգավորումն է, ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր վեկտորները:
Նախօրեին Քերին արդեն հանդիպել է ՌԴ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Պլանավորված է նաև նրա հանդիպումն ամերիկացի տիեզերագնացների հետ:
Սա Քերիի՝ մեկ տարում արդեն երրորդ այցն է Մոսկվա: Վերջին անգամ նա Ռուսաստան էր ժամանել 2015թ. դեկտեմբերին: