
Պալմիրայի փողոցներում թեժ մարտեր են ընթանում

«Անապատի ճուռակներ» աշխարհազորայինների գրոհային խմբերը մարտեր են մղում ԴԱԻՇ-ի դեմ Պալմիրա քաղաքի արևելյան հատվածում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը Սիրիայից:
Սիրիական բանակի հիմնական ուժերն ու աշխարհազորայինները ամրացել են Պալմիրայի շուրջ գտնվող ռազմավարական բարձունքների շուրջ: Հարձակումը դժվարացնում է անապատային քամին:
«Ահաբեկիչները հետ են քաշվել այգիներ, մենք բարձունքներից հետևում ենք նրանց տեղաշարժին: Ներքևում՝ արդեն քաղաքում, հարձակումներ են իրականացնում մի քանի գրոհային ջոկատներ: Գիշերը զինյալներով մի քանի մեքենա հեռացել է Ռաքքայի կողմը»,- RIA Novosti-ն պատմել է աշխարհազորայինների ջոկատի հրամանատար Մաջիդը:
Բանակն ու աշխարհազորայինները ԴԱԻՇ-ի զինյալներին դուրս են մղել Պալմիրայի հյուրանոցային համալիրից ու սկսել են այնտեղ ամրանալ: Նրանք ահաբեկիչներին դուրս են մղում քաղաքի կենտրոն, զինյալները, ի պատասխան, կրակ են բացում ականանետերից ու խոշոր տրամաչափի զինատեսակներից:
Պալմիրան, որի հնագույն հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են ներառված, ահաբեկիչները գրավել էին 2015թ. մայիսին:
Մինչ քաղաքը հանձնելը սիրիական բանակը տարհանել էր քաղաքի բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի պատմական ցուցանմուշները:
Քաղաքը նվաճելուց հետո ոչնչացման սպառնալիքի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները: