
«Եթե Փարիզի, Բրյուսելի ահաբեկիչներին հերոսացնեին, դուր կգա՞ր միջազգային հանրությանը…». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի կողմից տոնական օրերին սահմանին իրավիճակը սրելու փորձը, հրադադարի ռեժիմի խախտումը ստոր քաղաքականության դրսևորում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանը ահաբեկչական պետություն է: Սահմանին Ադրբեջանի գործողությունները պետք է ահազանգ լինեն միջազգային հանրության համար: Մ իջազգային հանրությունը պետք է լուրջ վերաբերվի Ադրբեջանի կողմից իրականացված խախտումներին և միջազգային հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրևորմանը: Կարծում եմ` միջազգային հանրությունը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի այդ պետությանը սանձելու համար: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում նույն Եվրոպայում, աշխարհի տարբեր վայրերում: Ադրբեջանի գործողությունները ևս ահաբեկչության մի ձև են: Այն, ինչ Ադրբեջանն անում է սահմանի երկայնքով, այն, թե ինչպես է հերոսացնում մարդասպաններին, դրանք նույնպես ահաբեկչության դրսևորում են: Եթե Փարիզի, Բրյուսելի ահաբեկիչներին հերոսացնեին, դուր կգա՞ր միջազգային հանրությանը, իհարկե, ոչ: Այդ դեպքում ինչու են լռում, երբ Սաֆարովի պես տականքներին Ադրբեջանի իշխանությունները հերոսացնում են կամ համանման այլ գործողությունների են դիմում»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը Զատկի և Նովրուզի տոներին ընդառաջ կոչ էր արել կողմերին համատարիմ մնալ հրադադարի պահպանմանն ու զերծ մնալ շփման գծում և սահմանային հատվածում լարվածության աճ հրահրող ցանկանցած գործողությունից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):