«Դաշնակցության շարքերում ներքին պատերազմ, բյուրոն տապալելու պայքար չկա». Մուրադ Փափազյան
Հայաստանի կառավարության մեջ ՀՅԴ-ի լինելը նշանակում է Սփյուռքի մի մասի ներկայությունը. շատ լավ է, որ համահայկական բնույթ ունեցող կուսակցությունը կառավարության մեջ է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում նման գնահատական տվեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: «Քննարկվեց, թե ինչպես կարող է Դաշնակցությունը հայ ժողովրդին օգտակար լինել՝ մա՞լ որպես ընդդիմություն, թե՞ իշխանության մաս կազմել: Որոշվեց իշխանության մեջ լինել, բայց պայմաններ դրվեցին, որոնք էլ ընդունվեցին»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Վստահեցնելով, թե կոալիցիա կազմելու հարցի հետ կապված ՀՅԴ-ում ներքին պատերազմ չկա, նա ասաց. «Եթե որևէ լրատվամիջոց այդպիսի տեղեկություն է հրապարակում, ապա դա պետք է հիմնված լինի փաստերի վրա, ոչ թե բամբասանքների: Դաշնակցության շարքերում ներքին պատերազմ, բյուրոն տապալելու պայքար չկա: Դաշնակցության ներսում, անշուշտ միակարծիք չեն կոակիցիա կազմելու հարցի վերաբերյալ, բայց դա նորմալ է: Բնական է, որ պետք է լինեն տարբեր կարծիքներ»:
Նրա խոսքով` նրանք, ովքեր դեմ էին՝ նույնպես հասկացան, որ ավելի շատ կարող են օգտակար լինել` ՀՅԴ-ի կառավարության մաս կազմելու պարագայում: