
Պարզվել է Բրյուսելում պայթյունների ենթադրվող երրորդ մասնակցի ինքնությունը

Բելգիայի ոստիկանությունը պարզել է Բրյուսելում ահաբեկչական գործողության ենթադրվող երրորդ մասնակցի ինքնությունը, որը օդանավակայանից փախել է պայթյունից անմիջապես հետո: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով La Derniere Heure բելգիական թերթին:
Ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարը: Հրատարակությունը գրում Է, որ նա Նաջիմ Լաաշրաուին է, որի նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարված Փարիզում իրականացված նոյեմբերյան պայթյունների գործով, որոնք 130 մարդու կյանք խլեցին:
Դատախազները հայտնել են, որ նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է այն տներում, որոնք չարագործների կողմից օգտագործվել են անցյալ տարի Փարիզում պայթյուններ նախապատրաստելիս:
Հաղորդվում Է, որ նա սեպտեմբերին Հունգարիա է այցելել փարիզյան հարձակումների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի հետ, որին ձերբակալել են անցած շաբաթ:
Ըստ վերջին տվյալների՝ Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 31 մարդ, տուժածների թիվն անցնում է 260-ից: Բրյուսելում իրականացված պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը: