Ընտրախախտումների երկու գործեր միացվել են. մեղադրվում է հանձնաժողովի անդամը
2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների երկու գործեր դատարանի որոշմամբ միացվել են՝ համատեղ ընթացք տալու համար:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել տղամարդու վերաբերյալ երկու քրական գործ. մեկով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 06.12.2015թ. տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում, հանդիսանալով Երևանում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարեն քվեարկելու մեկ միասնական դիտավորությամբ թիվ 2 մատյանում կեղծիք կատարելու եղանակով քվեարկել է երկու անձի փոխարեն:
Մյուս գործով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քվեարկության ընթացքում նկատել է, որ հասարակական կազմակերպության անունից ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով դիտորդական առաքելությունն իրականացնող անձը բջջային հեռախոսով տեսաձայնագրում է քաղաքացու հայտարարությունը, մոտեցել է և վերջինիս ձեռքից խլել բջջային հեռախոսն ու նրան զրկել ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: