Բաժիններ՝

Նադեժդա Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման

Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման, հայտնում է LifeNews-ը:

Սավչենկոն իր պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի բանտում: Սա առավելագույն պատժաժամկետն է, որը կարող էր նրան սպառնալ ՌԴ ՔՕ-ով՝ մինչև 25 տարվա ազատազրկում: Մեղադրող կողմը պահանջում էր նրան դատապարտել 23 տարվա ազատազրկման:

Դատարանի վճռի համաձայն՝ Սավչենկոն մեղավոր է ճանաչվել լրագրողներ Իգոր Կոռնելյուկի ու Անտոն Վոլոշինի սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների նկատմամբ սպանության փորձի ու ՌԴ-ի սահմանը անօրինական կերպով հատելու մեջ:
Դատարանը հայտարարել է, որ ունենալով ռազմական պատրաստվածություն, Իրաքում ռազմական գործողությունների մասնակցության փորձ, Սավչենկոն անձնական նախաձեռնությամբ մասնակցել է Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող զինված բախումներին, ինքնակամ համաձայնել է մասնակցել հրետանային հարվածներին՝ ուղղված խաղաղ բնակիչների դեմ:

Դատարանը հայտարարել է, որ ռուս լրագրողների սպանության կազմակերպիչը «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկն է:

Սավչենկոն մեղադրվում էր ՌԴ ՔՕ 3 հոդվածներով՝ «Սպանություն», «Սպանության փորձ» և «Սահմանի անօրինական հատում»: Դատական պրոցեսը նրա նկատմամբ սկսվել է անցած տարվա սեպտեմբերի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս