
Սաակաշվիլիի ընտանիքը Բրյուսելի օդանավակայանում է եղել մինչ ահաբեկչությունը

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կինն ու որդին մի քանի ժամ եղել են Բրյուսելի օդանավակայանի տերմինալում, որտեղ այսօր տեղի է ունեցել ահաբեկչություն: Քաղաքական գործչի ընտանիքը հասցրել է թռչել պայթյունից մի քանի ժամ առաջ: Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:
«Երբ ես կարդացի այդ ողբերգության մասին, արդեն գիտեի, որ նրանք հասցրել են թռչել, սակայն միանգամից մտածեցի այն զոհերի ազգականների ու մտերիմների մասին, որոնք չեն կարողացել փրկվել: Դա սարսափելի ողբերգություն է, ու ցավոք, ոչ վերջինը: Պետք է արձանագրել, որ բացի այլ պատճառներից, դա չափազանց մեծ բյուրոկրատիայի, կոշտ որոշումներ կայացնել չկարողանալու հետևանք է»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 34-ի: