Բելգիայում ՀՀ դեսպանատունը դեռ մեկ դիմում է ստացել. տեղեկություն չկա ՀՀ մեկ քաղաքացուց

Դեռ չկան հստակ տեղեկություններ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների տարածքում հայերի հնարավոր առկայության մասին:

«Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյում իրականացված ողբերգական պայթյուններից հետո Բրյուսելում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է երկրի բոլոր պատկան մարմինների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց դեսպանատան խորհրդականը, ով նաև տեղեկացրեց, որ դրությունը լարված է, և դեսպանն այս պահին չի կարողանա զրուցել 168.am-ի հետ:

Ըստ դեսպանատան խորհրդականի` այսօր դեսպանատանը ՀՀ քաղաքացիների համար բացված թեժ գիծը դեռ մեկ դիմում է ստացել (ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել +32.2.3484406 հեռախոսահամարով, եթե կասկածում են, որ հարազատներից մեկն ահաբեկչությունների պահին եղել է օդանավակայանում կամ մետրոյում) այն մասին, որ տվյալ քաղաքացուց տեղեկություն չկա, դեսպանատանն է փոխանցվել քաղաքացու անուն-ազգանունը, և դեսպանատունը փորձում է պարզել` որտեղ է նա:

«Կապի մեջ ենք նաև Բելգիայի ճգնաժամային կենտրոնի հետ, պարզապես նրանք այս պահին տուժածների ու զոհերի անվանական ցանկ չունեն, միայն թվեր ունեն և հորդորում են որևէ տեղեկատվություն ճշտելու դեպքում քաղաքացու անուն-ազգանունը տրամադրել»,- նշեց դեսպանատան աշխատակիցը: Վերջինս նաև նշեց, որ ավելի ուշ պատկերը շատ ավելի պարզ կլինի:

Հիշեցնենք, որ այսօր երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում, որի հետևանքով տասնյակ զոհեր և տուժածներ կան: Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից հետո հայտնի է դարձել, որ պայթյուն է որոտացել նաև քաղաք մետրոյի «Մաալբեք» կայարանում: Զոհերի և տուժածների թիվը ժամ առ ժամ փոփոխվում է:

Տեսանյութեր

Լրահոս