«ՀԱԿ-ը ՕԵԿ-ին բազմաթիվ մեղքերի մեջ է մեղադրել, և չգիտեմ՝ ինչ կերպ կընկալվի հանրության կողմից նրանց համագործակցությունը». Լյուդմիլա Սարգսյան
«Քաղաքական դաշտը թարմացման կարիք ունի, ես այն քաղաքական գործիչներից չեմ, որ համարում են, թե նոր սերնդի ժամանակը դեռ չի եկել: Ես կարծում եմ, որ, այո, քաղաքական դաշտը պետք է թարմանա, երիտասարդանա նոր գաղափարներով, նոր մոտեցումներով, և կարծում եմ, որ Հայաստանում դրա պակասը չկա:
Եվ մենք՝ որպես ՎՍԴՀԿ, մշտապես ողջունել ենք նոր քաղաքական ուժերի մուտքը քաղաքական դաշտ, հատկապես, որ այդ քաղաքական ուժերի լիդերները վաղուց քաղաքական դաշտում ճանաչված մարդիկ են»,- այսպես պատասխանեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վերջերս ստեղծվող նոր կուսակցությունների փաստին՝ հավելելով, որ որևէ մեկը չէր կարող կասկածել, որ այդ մարդիկ կարող են նաև լուրջ թիմեր ստեղծել և լուրջ պայքարի մեջ մտնել: Կանխելով մեր մյուս հարցը, նա ասաց, որ ողջունում է նաև Վարդան Օսկանյանի մուտքը քաղաքական դաշտ:
168.am-ի հարցին, թե մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում այն մասին, թե ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ն առաջիկայում դաշինք կկազմեն, ինքն ի՞նչ կասի այդ մասին, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ սա ուղիղ հաստատում է այն միտքը, որ քաղաքական դաշտում հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ չկան: Բայց ինձ համար մի քիչ դժվար է պատկերացնել ՀԱԿ-ՕԵԿ համագործակցությունը, քանի որ ՀԱԿ-ն ՕԵԿ-ին բազմաթիվ մեղքերի մեջ է մեղադրել, և չգիտեմ՝ ինչ կերպ կընկալվի հանրության կողմից, եթե նման համագործակցությունը կյանքի կոչվի»:
Լյուդմիլա Սարգսյանը նաև նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ում հետ կհամագործակցի ընտրություններից առաջ, և ասաց, որ ոչինչ չի բացառում: Նա նաև նշեց, որ ուժեղ կին է համարում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զուրաբյանին. «Նրան ուժեղ կին եմ համարում, ինչպիսիք քիչ են խորհրդարանում, և մենք լավ ենք հասկանում միմյանց: Իսկ կինն ինչքան ուժեղ է՝ այնքան շատ թշնամիներ ունի: Եթե նկատել եք, իմ թշնամիներն էլ պակաս չեն: Բայց ես սիրում եմ թշնամիներ ունենալ, ասեմ ձեզ, դա ուժեղացնում է ինձ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում