«Ամեն ինչ արվում է, որ կուսակցությունների մասնակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններին նվազեցվի». Լյուդմիլա Սարգսյան

«Ամեն ինչ արվում է, որ կուսակցությունների մասնակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններին նվազեցվի»,- նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ նրա` այն պահանջները, որոնք ներկայացվում են ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, մտահոգում են բոլորին.

«Ինչ վերաբերում է ընտրացուցակների հրապարակմանը, ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս խոչընդոտ չէ, որովհետև Սահմանադրական դատարանն ըստ էության չի արգելում, այլ այդ որոշումը թողնված է իշխանության վրա: Եվ հիմնավորումն էլ համոզիչ չէ, երբ ասում են, թե դրա հրապարակման արդյունքում մարդու իրավունքներն են ոտնահարվում, որովհետև մարդը չի ցանկանում երևալ: Ես ավելի քան համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունն ընտրություններին այնպիսի վերահսկողություն է սահմանում` ներկայացողների և չներկայացողների, որ այդ վտանգը գալիս է միայն իրենցից, եթե խոստացել են և չեն եկել ընտրելու: Իսկ մնացած բոլոր դեպքերում, կարծում եմ, որ դա խուսափողական պահվածք է, որպեսզի վերահսկելիությունն ընտրությունների ժամանակ ավելի նվազեցվի»:

Անդրադառնալով կոալիցիաներ ձևավորելու մասին հարցին՝ Լ. Սարգսյանն ասաց.

«Ինչո՞վ է պայմանավորված, որ կոալիցիաները սահմանափակվում են երեք քաղաքական ուժով: Եթե դա իշխանության համար նախընտրելի տարբերակ է, որովհետև միշտ կգտնվեն երկու քաղաքական ուժ, որոնք, Հանրապետական կուսակցության հետ միասին, կարող են կազմել կայուն մեծամասնություն, ապա Սահմանադրության այն դրույթը, որը հուշում է, որ ընտրությունների միջոցով քաղաքական ուժերը կարող են գալ իշխանության, ի չիք է դառնում, որովհետև երեք քաղաքական ուժով ընդդիմությունը չի կարող գալ իշխանության: Երբևիցե հնարավորություն չեն տա, որ երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր հավաքեն 20 կամ ավելի տոկոս, հետևաբար, ես կարծում եմ, որ սահմանափակում պիտի չդրվի, կամ առնվազն պետք է 5 քաղաքական ուժի հնարավորությունը ձևակերպվի Ընտրական օրենսգրքում՝ դրանով հնարավորություն տալով ընդդիմությանը` իր սահմանադրական իրավունքն օգտագործել»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս