
Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի, օդանավակայանի զոհերի թիվը՝ 23-ի

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:
Վայրը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջապատված է, մեքենաների երթևեկությունը կասեցվել է:
Ավելի վաղ i24news-ի թղթակիցը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Բրյուսելի մետրոյում չորրորդ պայթյունն է տեղի ունեցել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրյուսելի մետրոյում երեք պայթյուն է որոտացել: Պայթյուններ էին որոտացել Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող մետրոյի Մալբեկ ու Շուման կայարաններում: Բրյուսելում ներկայում փակվում են դպրոցները, մանկապարտեզները, հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ, հայտնում են բելգիական լրատվամիջոցները:
Independent-ի տեղեկություններով՝ 23 մարդ է սպանվել ու 35 մարդ վնասվածքներ են ստացել այսօր Բելգիայի օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով:
Հայտնի է, որ օդանավակայանում պայթյունի հետևանքով փլուզվել է առաստաղի մի մասը, տերմինալի ճակատամասի ապակիները կոտրվել են, հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ հղում կատարելով ականատեսներին:
Օդանավակայանը ներկայում ամբողջությամբ փակ է: Բոլոր չվերթերը չեղյալ են հայտարարվել: Ինքնաթիռները, որոնք ուղևորվում էին Բրյուսել, ուղարկվում են Բելգիայի այլ օդանավակայաններ: Դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը օդանավակայանի հետ: