
Բելգիայում հայկական համայնքը փորձում է տեղեկություններ ճշտել պայթյունների տարածքում հայերի հնարավոր առկայության մասին

Բելգիայում հայկական համայնքը փորձում է տեղեկություններ ճշտել պայթյունների տարածքում հայերի հնարավոր առկայության մասին: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Առայժմ զոհվածների և վիրավորների անուններ չեն հրապարակվել, բայց մենք հետևում ենք զարգացումներին: Այժմ քաղաքում լարված իրավիճակ է, ամբողջությամբ փողոցներում ոստիկանության և շտապ օգնության ծառայության ավտոմեքենաներ են: Ինչպես գիտեք, և’ օդանավակայում է պայթյուն գրանցվել, և’ մետրոյում: Քաղաքում մետրոյի գործունեությունը ժամակավորապես դադարեցվել է, հասարակական տրանսպորտը կանոնավոր կերպով չի աշխատում: Բնակիչներին կոչ է արվում զգուշություն ցուցաբերել»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա 17 զոհ և առնվազն 30 վիրավոր: Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից հետո հայտնի է դարձել, որ պայթյուն է որոտացել նաև քաղաքի մետրոպոլիտենի «Մաալբեք» կայարանում: