«Փաստորեն էդ օրենսգիրքն այնպիսի օրենսգիրք է, որ ինքը չի կարող խախտել». Գալուստ Սահակյանը վերադարձել է ԱԺ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արդեն վերադարձել է արձակուրդից:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ իր առողջական վիճակը նորմալ է: Ադրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին, Գ.Սահակյանը հայտարարեց, թե «ճշմարիտ մեծ բաներ» չի տեսնում ընտրած քաղաքացիների ցուցակները հրապարակելու մեջ:
ԱԺ նախագահն ընդունելի համարեց, որ ՀԱԿ-ն ԸՕ նախագծի շուրջ միասնական պլատֆորմ է նախաձեռնել. «Քաղաքական ընդդիմադիր ուժ է, եթե խնդիրներ ունի, կարող է մարդկային մեծ խումբ հավաքել ու իր խնդիրները ներկայացնել իշխանություններին»: Գ.Սահակյանն ԸՕ նախագծի շուրջ հանրային ընդվզման վտանգ չի տեսնում: Ըստ նրա՝ բոլոր խնդիրները արտահայտված կլինեն օրենսգրքում.
«Իսկ էդպես մարդ հավաքել, խուճապ ստեղծել, չգիտեմ և այլն, դա քաղաքակիրթ ճանապարհ է մեր պետության մեջ»: ԱԺ նախագահի կարծիքով՝ ռեժիմը խուճապի մեջ չէ. «Ռեժիմը խուճապի մեջ եթե լինի, էդ նույն ռեժիմը բերում է մի օրենսգիրք, որը իմիջայլոց, էդքան խոսում եք տարիներ շարունակ, որ ինքը խախտում է, փաստորեն էդ օրենսգիրքն այնպիսի օրենսգիրք է, որ ինքը չի կարող խախտել»: