ԱՄՆ-ում ձերբակալվել է Էրդողանի հետ սերտ կապերի մեջ գտնվող գործարար Ռզա Սարաֆը
ԱՄՆ-ի Մայամի քաղաքում ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների հետ սերտ կապերի մեջ գտնվող եւ 2013 թվականի դեկտեմբերի 1-25-ին Թուրքիայում աղմուկ հանած անօրինականությունների եւ կաշառքի հետաքննություններում առանցքային անուն հանդիսացած ադրբեջանցու արմատներով իրանցի գործարար Ռզա Սարաֆը, ով հանդիսանում է Իրանի եւ Թուրքիայի քաղաքացի:
Այս մասին հաղորդում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը` նշելով, որ Սարաֆը մեղադրվում է խախտելով Իրանի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ին խաբելու, բանկային կեղծարարությունների եւ միլիարդավոր դոլարների հասնող «կեղտոտ» փողերի լվացման մեջ: Դատախազը նրա համար 75 տարվա ազատազրկման պատիժ է պահանջել:
Նրա հետ միասին ձերբակալվել են եւս երկու իրանցի գործարարներ` 29-ամյա Քամելյա Ջեմշիդին եւ 65-ամյա Հուսեին Նեջաֆզադեն: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ նախագահ Էրդողանի հետ սերտ կապերի մեջ գտնվող Սարաֆի եւ մյուս երկու իրանցիների նկատմամբ դատական գործը հարուցվել է Մանհեթենում:
Դատախազությունը յուրաքանչյուր երեք կասկածյալների նկատմամբ ԱՄՆ-ին խարդախության ճանապարհով խաբելու համար 5 տարի ժամկետով, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար 20 տարի, բանկային զեղծարարությունների համար` 30 տարի, սեւ փողերի լվացման համար 20 տարի ժամկետով ազատազրկում է պահանջել:
Թուրքիայում 17-25 դեկտեմբերին անօրինականությունների եւ կաշառքի հետաքննությունների շրջանակում Ռզա Սարաֆը 2013 թվականի դեկտեմբերի 21-ին ձերբակալվել եւ 70 օր մեկուսարանում պահվելուց հետո Էրդողանի միջնորդությամբ ազատ էր արձակվել: Ռզա Սարաֆը Թուրքիայում հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինն է: