
Թրամփը կասկածում է ՆԱՏՕ-ի գոյության անհրաժեշտությանը

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է զգալի կրճատի ՆԱՏՕ-ի վրա արվող ծախսերը:
ՆԱՏՕ-ն, ըստ Թրամփի, թանկ է արժենում ԱՄՆ-ին, ու երկիրն արդեն իրեն դա չի կարող թույլ տալ: Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ն անարդյունավետ է, ու ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցների գործողություններն անբավարար են, ու դա վառ կերպով արտահայտվել է ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ: Միլիարդատերը կարծում է, որ ԱՄՆ-ը ներքաշվում է նրա մեջ, ինչը կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմ Ռուսաստանի հետ:
CNN-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է այն ժամանակ, երբ աշխարհը բոլորովին այլ էր: «Հարկավոր է վերարժևորել: Պահպանել ՆԱՏՕ-ն, բայց, հնարավոր է, ավելի քիչ վճարել այն պահելու համար»,- ասել է Թրամփը:
70 տարի շարունակ ամերիկացի քաղաքական գործիչները ՆԱՏՕ-ն դիտարկում են որպես ԱՄՆ-ի կարևորագույն դաշինքը: Վաշինգտոնը կրում է ՆԱՏՕ-ի գործունեության հետ կապված ծախսերի առավել մեծ մասը: