
Շվարցենեգերը խաղալու է վեցերորդ «Տերմինատոր»-ում

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը ծանուցել է, որ նկարահանվելու Է վեցերորդ «Տերմինատոր»-ը: Նոր ֆիլմում նա պատրաստվում է կատարել գլխավոր դերը: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այդ մասին Շվարցենեգերը հայտարարել է Ավստրալիայի Իններորդ ալիքի եթերում:
«Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում դրան»,- ընդգծել է դերասանը: Նա հրաժարվել է կինոնկարի սյուժեի հետ կապված մանրամասնություններ հայտնել:
Նոր «Տերմինատորի» վերաբերյալ հաղորդումը կատարյալ անակնկալ է դարձել «Տերմինատոր. գենեզիս» նախորդ ժապավենի ձախողման պատճառով, որը թողարկվել էր 2015 թվականին, նշել է թերթը:
Այս տարվա հունվարին հաղորդվել էր, որ Paramount Pictures ընկերությունը Տերմինատորի մասին նոր ֆիլմը հանել է իր վարձութային գրաֆիկից: Ժապավենը պետք է դառնար «Տերմինատոր. գենեզիս»-ի շարունակությունը եւ կրում էր «Տերմինատոր 2» աշխատանքային անվանումը: