
Ստամբուլի ահաբեկչությունն ուղղված է եղել իսրայելցիների դեմ

Տեսահսկման սարքերի տվյալները, որոնք ստացել է ոստիկանությունը Ստամբուլի ահաբեկչության վայրից, վկայում են, որ մահապարտ-ահաբեկիչը հարձակումը պլանավորել էր իսրայելցի զբոսաշրջիկների դեմ՝ հետևելով նրանց այն պահից ի վեր, երբ վերջիններս դուրս են եկել իրենց հյուրանոցից, հայտնում է Haberturk պորտալը:
Համաձայն ոստիկանությունում պորտալի տեղեկությունների՝ ահաբեկիչ Մեհմեդ Օզթյուրքը սկսել է հետապնդել իսրայելցիների խմբին Բեշիկթաշ շրջանում, որտեղ գտնվում էր նրանց հյուրանոցը: Այնուհետև զբոսաշրջիկները մտել են Իստիկլալ փողոցում գտնվող ռեստորանը՝ նախաճաշելու:
Օզթյուրքը նրանց սպասել է հարևան նրբանցքում: Երբ խումբը դուրս է եկել ռեստորանից, ահաբեկիչը մոտեցել է նրանց ու իրեն պայթեցրել:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով Ստամբուլում մահացել էր 4 մարդ, այդ թվում՝ երեք իսրայելցի, որոնք ունեցել են նաև ամերիկյան քաղաքացիություն և մեկ իրանցի: Վիրավորվել էր 36 մարդ, ներառյալ՝ Իսրայելի 11 քաղաքացի:
Իսրայելցիների աճյուններով դագաղները հայրենիք են տեղափոխվել երեկ: Իսրայելի կառավարությունը իր քաղաքացիներին նախազգուշացրել է զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից: