Ռուսներն սկսել են ավելի քիչ վստահել Պուտինին. 1 տարում Պուտինի նկատմամբ վստահությունը նվազել է 10 տոկոսով. «Լևադա կենտրոն»
Վերջին տարում ռուսները սկսել են ավելի քիչ վստահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հղում կատարելով «Լևադա կենտրոնի» ուսումնասիրությանը:
Համաձայն փորձագետների տվյալների՝ ներկայում Պուտինին ամբողջությամբ վստահում է հարցախույզի մասնակիցների 21 տոկոսը, այնինչ 1 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 26 տոկոս:
«Ավելի շուտ վստահում է 52 տոկոս (1 տարի առաջ ցուցանիշը 57 տոկոս էր), չի վստահում հարցվածների 14 տոկոսը: Այդ թիվը անցած տարվա համեմատ չի փոխվել: Այսկերպ, Պուտինին վստահողների թիվը 1 տարում նվազել է 10 տոկոսով:Հարցախույզին մասնակցածների մեկ երրորդը չի կարող Պուտինի մասին ասել «ոչ մի վատ բան»: Մարդկանց թիվը, որոնք նրա նկատմամբ ունեն «հիացական» վերաբերմունք, նվազել է 10-ից մինչև 8 տոկոսի:
Միևնույն ժամանակ, մարդկանց թիվը, որոնք Պուտինի նկատմամբ ունեին «չեզոք կամ անտարբեր» վերաբերմունք, ավելացել է 10 տոկոսից մինչև 15 տոկոսի: «Անհանգստացած ու սպասողական» է անվանել իրենց վերաբերմունքը հարցվածների 8 տոկոսը, իսկ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 5 տոկոս: Բացի այդ՝ ռուսների 17 տոկոսը կարծում է, որ ՌԴ նախագահը, ամենայն հավանականությամբ, կապ ունի կոռումպացված քաղաքական գործիչների հետ:
Ըստ հանրային հարցումներ անցկացնող կենտրոնի հետազոտությունների՝ Պուտինի վարկանիշի աճը՝ 64 տոկոսից մինչև 86 տոկոս, կազմել է 2014թ. գարնանը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը: 2015թ. հոկտեմբերին սոցիոլոգները Պուտինի վարկանիշը ներկայացրել էին 89,9 տոկոս ու դա բացատրել Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի սկսմամբ:
Ներկայիս հարցման թվերը վերադառնում են «մինչ Ղրիմը» եղած մակարդակին, սակայն «Լևադա-կենտրոնի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրաժդանկինը հայտնել է, որ վստահության վարկանիշը մնում է բավական բարձր:
Ռուսների 65 տոկոսը կուզենար, որ Պուտինը նորից նախագահ ընտրվեր: Մեկ տարի առաջ նման ցանկություն ուներ հարցվածների 57 տոկոսը: