Դատարանը Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության մեջ
Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Լուգանսկում ռուս լրագրողների սպանության մեջ, հայտնում է TASS-ը:
Դատարանի վճռի համաձայն՝ Սավչենկոն մեղավոր է ճանաչվել լրագրողներ Իգոր Կոռնելյուկի ու Անտոն Վոլոշինի սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների նկատմամբ սպանության փորձի ու ՌԴ-ի սահմանը անօրինական կերպով հատելու մեջ
Մեղադրական վճռի հիմքում դատարանը շարադրել է մեղադրանքների ապացույցները, մասնավորապես ականատեսների վկայությունները, ներկայացրել կրիմինալիստիկական, հոգեբուժական, մոլեկուլյար-գենետիկ փորձաքննությունների արդյունքները:
Դատարանը հայտարարել է, որ ունենալով ռազմական պատրաստվածություն, Իրաքում ռազմական գործողությունների մասնակցության փորձ, Սավչենկոն անձնական նախաձեռնությամբ մասնակցել է Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող զինված բախումներին, ինքնակամ համաձայնել է մասնակցել հրետանային հարվածներին՝ ուղղված խաղաղ բնակիչների դեմ:
Դատարանը հայտարարել է, որ ռուս լրագրողների սպանության կազմակերպիչը «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկն է:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սավչենկոն, չի բողոքարկելու դատավճիռը: Ներկայում դեռ շարունակվում է դատավճռի հրապարակումը, նրա պատժաժամկետը կհայտարարվի մարտի 22-ին:
Սավչենկոն մեղադրվում է ՌԴ ՔՕ 3 հոդվածներով՝ «Սպանություն», «Սպանության փորձ» և «Սահմանի անօրինական հատում»:
Դատական պրոցեսը նրա նկատմամբ սկսվել է անցած տարվա սեպտեմբերի 22-ին: