Բաժիններ՝

Դոնի Ռոստովում պայմանները պիտանի են եղել «Բոինգի» վայրէջքի համար. Flydubai

Flydubai ավիաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում շաբաթ գիշեր կործանված «Բոինգ-737» ինքնաթիռն ուներ օդանավակայանում վայրէջքի փորձ, և որ եղանակային պայմաններն աղետի պահին եղել են նորմալ՝ վայրէջքի համար, հայտնում է BBC-ն:

«Օդանավակայանը բաց էր: Իշխանությունները գոյություն ունեցող պայմանները նորմալ էին համարել աշխատանքի ու ինքնաթիռների վայրէջքի համար»,- Դուբայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Flydubai-ի գործադիր տնօրեն Գայիտ ալ-Գաիտը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ ինքնաթիռի հրամանատարը՝ կիպրոսցի Արիստոս Սոկրատուստ ու նրա օգնականը, նախկինում Ռոստովի օդանավակայանում վայրէջքի փորձ ունեցել են:

Գաիտ ալ-Գարիտը հայտնել է, որ Flydubai-ը ռուսական իշխանությունների հետ կոորդինացնում է իր գործողությունները: «Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել զոհերի այն հարազատներին, որոնք ցանկանում են այցելել աղետի վայր»,- ասել է նա:
Ավելի վաղ Flydubai-ը հայտնել է, որ ինքնաթիռի զոհերից յուրաքանչյուրի համար վերջիններիս հարազատներին կվճարվի 20 հազարական դոլար:

Հիշեցնենեք, որ շաբաթ՝ Մոսկվայի ժամանակով ժ. 3:50-ին Դուբայից Դոնի Ռոստով ուղևորվող Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռը կործանվել է: Մոտավորապես 100-200 մետր բարձրությունից օդանավը մեծ արագությամբ ու գրեթե ուղիղ անկյամբ բախվել է գետնին: Ինքնաթիռում գտնվող 55 ուղևորներից 50-ը եղել են ռուսներ: Ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ, ընդհանուր՝ 62 մարդ:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Աշխատանքները աղետի վայրում շարունակվում են: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դիտարկում է աղետի երեք հիմնական վարկած՝ տեխնիկական անսարքությունը, եղանակային վատ պայմաններն ու անձնակազմի սխալը:

Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտարարել է, որ ինքնաթիռի բորտային ինքնագրիչները ուժեղ վնասված են, սակայն պիտանի են վերծանման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս