Տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողը ատրճանակի սպառնալիքով առևանգել էր տաքսու վարորդին
Ինչպես տեղեկացրել էինք՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանները մարտի 18-ին հայտնաբերել և բերման էին ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին:
Օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 14.30-ին, Աղասի Մնացականյանը Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկից նստել է Ռազմիկ Խ.-ի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան և ուղևորվել Միկոյան փողոցի վերջնամաս, որտեղ «Մակարով» ատրճանակը պահելով նրա քունքին՝ հրամայել է նստել մեքենայի հետնամասում, կպչուն ժապավենով կապել է ձեռքերն ու ոտքերը, շորով կապել աչքերը, որից հետո նստել ավտոմեքենայի ղեկին և շարժվել Գայի պողոտայի թիվ 7 շուկային հարակից տարադրամի փոխանակման կետ: Այստեղ նա կատարել է ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ ու դիմել փախուստի: Հասնելով Մոլդովական և Բագրևանդ փողոցների հարող տարածք, կանգնեցրել է ավտոմեքենան, արձակել կպչուն ժապավենն ու թողնելով ավտոմեքենան՝ հեռացել է նշված վայրից:
Մարտի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել Աղասի Մնացականյանին պատկանող՝ Ն. Ստեփանյան փողոցում գտնվող բնակարանում, որի ընթացքում ննջասենյակից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի, 12 մմ տ/չ, երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տ/չ 8 փամփուշտ, չլիցքավորված որսորդական 11 փամփուշտ, փայտյա մահակ, ձեռնաշղթա, գաղտնի փականով 3 դանակ, որսորդական 2 դանակ, մետաղական տարա՝ մոխրագույն փոշենման զանգվածով և դաշտային զինվորական համազգեստ:
Առգրավվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է: