
Օբաման շնորհավորել է Բելգիային ու Ֆրանսիային փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալին կալանավորելու առիթով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Բելգիային ու Ֆրանսիային փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին կալանավորելու առիթով: Այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Շնորհավորանք ԱՄՆ նախագահից: Բելգիան ու Ֆրանսիան միասնական են ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է Միշելը իր Twitter-ում՝ տեղադրելով լուսանկար, որտեղ նա բջջայինով խոսում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ:
Սալահ Աբդեսլամը համարվում է Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալը: Ահաբեկչի եղբայրն իրեն պայթեցրել էր նոյեմբերի 13-ին Փարիզում՝ Վոլտերի ճեմուղում, իսկ Սալահին հաջողվել էր նոյեմբերի 14-ին հեռանալ Փարիզից շնորհիվ իր ընկերների, որոնք նրան տեղափոխել էին Բելգիա: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մոտ 4 ամիս:
Հիշեցնենք, որ Աբդեսլամը, որին Բելգիայում անվանում են «թիվ մեկ թշնամի», վիրավորվել է ու կալանավորվել երեկ Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում տեղի ունեցած հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ: Հատուկ օպերացիայի ընթացքում սպանվել է Ադբեսլամի համախոհներից մեկը, նրա անունը դեռ չի հաղորդվում: Կալանավորվել ու վիրավորվել է ևս մեկ ենթադրյալ ահաբեկիչ: Աբդեսլամին ու երկրորդ վիրավորին տեղափոխել են Բրյուսելի հոսպիտալներից մեկը:
Ահաբեկչի գտնվելու վայրը հաջողվել էր պարզել շնորհիվ Բրյուսելի մեկ այլ կոմունայում՝ Ֆորում, երեքշաբթի օրն անցկացված խուզարկության արդյունքում: