Ո՞ւր կտեղափոխի լարվածությունը Պուտինը. Դոնբա՞ս, թե՞ Ղարաբաղ

Մերձավոր Արևելքում իր աղաղակող օդային արշավը սահմանափակելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անակնկալ որոշումը շարունակում է ակտիվորեն քննարկվել միջազգային մամուլում։

Ռուս փորձագետները վստահեցնում են, որ Ռուսաստանը հաջողությամբ ավարտեց իր առաքելությունը Սիրիայում, իսկ արևմտյան փորձագետները չեն վստահում ՌԴ նախագահի բարի կամքի դրսևորումներին, պնդումներին, թե նա փորձում է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման համար նախադրյալներ ստեղծել, և պուտինյան արտաքին քաղաքականության նորանոր անակնկալներին են սպասում։ Նրանցից ոմանք վստահ են, որ Պուտինը «Սիրիան փորձեց փոխել Ուկրաինայով՝ Դոնբասում իր ներկայությունն ամրացնելու հեռանկարով»՝ համոզված լինելով, որ լարվածությունը տեղափոխվելու է հակամարտ այլ գոտիներ, գլխավորապես՝ Դոնբաս։

«168 Ժամի» հետ զրույցում «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը մեկնաբանելով Մերձավոր Արևելքից իր զգալի կոնտինգենտը դուրս բերելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումն ու դրա հնարավոր հետևանքները՝ նշեց, որ Ռուսաստանը, ըստ էության, դիմեց նման քայլի, քանի որ կատարեց իր գլխավոր առաքելությունը Սիրիայում։ Սակայն, նրա համոզմամբ, այնուամենայնիվ դժվար է գուշակել, թե իրականում ինչն է մղել Ռուսաստանին այդ քայլին։ Ռարը հստակեցրեց նաև, որ Ռուսաստանն ամբողջությամբ «զենքերը վայր չի դնում» Սիրիայում, այլ պարզապես մասնակիորեն Սիրիայից դուրս է բերում իր զորամիավորումները։ «Իմ կարծիքը հետևյալն է, որ Ասադն այլևս ամուր հիմքերի վրա է կանգնած, այնքան ամուր, որ կարող է Սիրիայում մնացած կոնտինգենտով լուծել «Իսլամական պետության» հարցերը, ուստի այս իրավիճակում անիմաստ է շարունակել ռուսական գործողությունները Սիրիայում, որոնք բազում հարցեր են առաջ բերում։ Թեև չեմ կարծում, որ ՌԴ այս քայլը թուլացնի Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը»,- նման կարծիք հայտնեց Ռարը։

Վերջինս վստահ չէ, որ այս որոշումն առաջ կմղի սիրիական քաղաքական կարգավորումը, ինչպես ռուս փորձագետներն են վստահեցնում։ «Չնայած լարվածությունը Սիրիայից տեղափոխվել է և տեղափոխվում է դեպի Լիբիա, ինչը վստահություն է ներշնչում, որ Սիրիայում իրավիճակը շուտով կկարգավորվի, կամ ներկայիս լարվածությունն էականորեն կթուլանա»,- ասաց գերմանացի քաղաքագետը։

Նա չի կիսում իր գործընկերների պնդումները, թե ՌԴ նախագահից պետք է անակնկալներ սպասել, քանի որ, այնուամենայնիվ, ուշադրության կենտրոնում Սիրիան է, և Ռուսաստանը Սիրիայում լուրջ միջոցներ ծախսեց, ուստի չի կարող միանգամից հրաժարվել այս գոտում իր դերակատարությունից։ Ռարի կարծիքով՝ Դոնբասում ներկայիս իրավիճակը կպահպանվի։

Ի թիվս այս հակամարտությունների, խոսելով ԼՂ հակամարտությունից և մեկնաբանություններից, թե Ռուսաստանը կփորձի ակտիվանալ նաև Ղարաբաղում, «Վալդայ» ակումբի անդամն ասաց, որ Ռուսաստանն այլ խնդիրների առջև է կանգնած, ուստի չի նախընտրելու փոխել այստեղ իր նախկին մարտավարությունը։

«Չնայած լուրջ տարաձայնությունների՝ այս գոտում ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան համաձայնեցված են գործում՝ չցանկանկալով բարդացնել իրավիճակը։

Դրան էլ ներկայումս փորձում են հասնել համանախագահները, քանի որ կողմերը հակամարտության կարգավորման հարցով առանձնապես հետաքրքրված չեն։ Համանախագահները, մասնավորապես ԱՄՆ ջանքերը ցույց են տալիս, որ կա հակամարտությունը կարգավորելու ցանկություն, սակայն կարգավորման ճանապարհների ընկալումները բոլոր կողմերի և միջնորդների մոտ տարբեր են, ինչն էլ անհնար է դարձնում կարգավորումը»,- նկատեց Ռարը։

Հարցին, թե ինչ կարելի է ակնկալել Ալիև-Սարգսյան առաջիկա հանդիպումից, որը կանցկացվի ԱՄՆ հովանու ներքո, պատասխանեց, որ սովորաբար նման հանդիպումներից լուրջ սպասումներ չի ունենում։

«Ամենակարևոր որոշումները նման հանդիպումների ժամանակ չէ, որ կայացվում են։ Սակայն վստահ եմ, որ հանդիպումը դրականորեն կանդրադառնա բանակցային գործընթացի վրա։ Գուցե ԱՄՆ-ը փորձի նախագահներին ինչ-որ կարևոր հարցի կամ սկզբունքի շուրջ համաձայնեցնել»,- ասաց Ալեքսանդր Ռարը։ Սակայն, վերջինիս համոզմամբ, բեկման հնարավորությունը զրոյական է՝ հաշվի առնելով միջազգային խնդիրների լրջությունն ու մասշտաբները։

Տեսանյութեր

Լրահոս