ՄԻԵԴ-ի վճիռը խառնել է Ջհանգիրյանի իշխանական անցյալն ու ընդդիմադիր ներկան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատը ներկայացնելուց 12 տարի անց վերջապես հրապարակեց «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Այս գործը հայ հանրությանն առավել ծանոթ է՝ որպես «Մատաղիսի գործ»: Հիշեցնենք, որ, ըստ քրեական գործի, 2003-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում սպանված Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի գործով 2005 թ. մայիսի 13-ին Սյունիքի մարզի դատարանն իրենց ծառայակիցների սպանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման էր դատապարտել Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին:
2006 թ. մայիսին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել էր ցմահ ազատազրկման, սակայն նույն տարվա դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին: 2012 թ. դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել էր 2 զինծառայողների սպանության մեջ մեղադրվող 3 երիտասարդներին՝ անմեղ ճանաչելով նրանց: ՄԻԵԴ-ը քննում էր 3 երիտասարդներին 4 օր ապօրինի անազատության մեջ պահելու և այդ ընթացքում խոշտանգումների ազդեցության ներքո նրանցից խոստովանական ցուցմունքներ կորզելու հարցը:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ դիմումատուների նկատմամբ տեղի չեն ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (կտտանքի արգելք), բայց տեղի են ունեցել նույն հոդվածի այլ խախտումներ: Դատարանը գտել է նաև, որ Զալյանի նկատմամբ չի խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է ազատության իրավունքը՝ նախատեսված Կոնվենցիայի 5-րդ հոդվածով:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 հազար եվրո դրամական փոխհատուցում վճարի:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նախկինում 3 երիտասարդների փաստաբանն էր, ՄԻԵԴ որոշումը նախադեպային է համարում և գտնում է, որ այն ինչ-որ չափով կարող է կանխարգելիչ բնույթ ունենալ: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ Զ.Փոստանջյանը փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս, ցավոք, ժողովրդավար պետություն չէ, դատական իշխանությունը լիարժեք չի գործում, որի հետևանքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ հանիրավի գտնվում են բանտախցերում, իսկ իրական հանցագործները և սպանություններ կատարողներն ազատության մեջ են: Այս վճիռը, պատգամավորի կարծիքով, կարևոր է մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որովհետև 12 տարի առաջ, երբ Հայաստանը դեռ շուրջ 2 տարվա անդամակցություն ուներ ԵԽ-ին, ոչ ոք չէր հավատում, որ կարող է դիմել ՄԻԵԴ և պաշտպանել իր իրավունքները:
Ըստ նրա՝ թեև 12 տարի անց արդարադատություն տեղի ունեցավ, այնուամենայնիվ շատ մեծ կորուստ կա, մարդիկ կորցրել են առողջությունը, պաշտպանյալներից մեկի մայրն այլևս չկա՝ առողջության քայքայման հետևանքով մահացել է. «Շատ դժվար ճանապարհ էր: Թեպետ հնչում է, որ 50 հազար եվրո տուգանքը զգալի գումար է, բայց դա երբեք չի կարող փոխարինել այն տարիները, որ այս 3 երիտասարդներն անցկացրին բանտախցում»:
Այդ տարիներին զինվորական դատախազը ներկայումս ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էր: Զ.Փոստանջյանը հիշեց, որ երբ պատրաստվում էին դիմել ՄԻԵԴ, Ջհանգիրյանը հեգնանքով իրեն ասել է. «Այդ ե՞րբ պետք է քո Եվրոպական դատարանն անդրադառնա այս խնդրին՝ 10 տարի՞ հետո, 20 տարի՞ հետո»: Պատգամավորը նշեց, որ գուցե 12 տարին շատ է, բայց նման օրինակները պետք է ավելի ոգևորեն, և չպետք է հրաժարվել պայքարից ու կորցնել հավատը:
«168 Ժամի» հարցին, թե քաղաքական առումով ինչպե՞ս է մեկնաբանում, որ Գ.Ջհանգիրյանն այժմ ընդդիմության շարքերում է, իսկ ՀՀԿ-ն էլ հայտարարում է, որ պատասխանատվություն է կրում այդ տարիների թե՛ լավի, թե՛ վատի համար, Զ.Փոստանջյանը պատասխանեց, որ կեղծարարության արմատները ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանով են պայմանավորված, այլ 1995-ի ընտրություններով, և, որ ընտրությունների անցկացման գործընթացից է կախված Հայաստանում ժողովրդավարության վիճակը:
«Եթե կարողանայինք անցկացնել իրապես ընտրություններ, այս համակարգը չէր կարող այսքան երկար գոյատևել: 95-ի համակարգի մարդիկ չեն հեռացել, համակարգն այսօր էլ գործում է, և համակարգի մարդիկ տարբեր անվանումների տակ շարունակում են գործել: Նրանք բոլորը պետք է դուրս գան, չպետք է տեղ ունենան քաղաքական դաշտում՝ ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, որովհետև նրանց միջոցով է այս համակարգը ծնվել, և իրենք պետք է հեռացվեն»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Նրա կարծիքով՝ սա ոչ միայն 3 անմեղ զինվորների հաղթանակն է, այլև հասարակության բոլոր անդամների, ովքեր համախմբվել են:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել ՄԻԵԴ վճիռը՝ պատճառաբանելով, թե դրա մանրամասներին ծանոթ չէ: «Ամեն ինչ պետք է արվի օրենքով: Թեման կարելի է փակել, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- կարճ կապեց նա:
Մեր դիտարկմանը, որ 3 երիտասարդների հանդեպ բռնություն կիրառելու մեջ մեղադրվում է անձամբ Գագիկ Ջհանգիրյանը (ՄԻԵԴ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «նրանք տեղափոխվել են զինդատախազի աշխատասենյակ, որտեղ շարունակվել է նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը»), Զուրաբյանը միայն նշեց, որ դրանով պետք է զբաղվեն մասնագետները:
Հարցին՝ հաշվի առնելով, որ Գ.Ջհանգիրյանն այսօր ՀԱԿ խմբակցության անդամ է, արդյոք ուսումնասիրելո՞ւ են գործը, Լ.Զուրաբյանը պատասխանեց. «Առավել ևս: Դրանով պետք է զբաղվեն մասնագետները, և ամենասխալ բանը կլինի, եթե նման գործերի վերաբերյալ կիրառենք քաղաքական մոտեցում: Ոչ մի քաղաքական մոտեցում այստեղ չի կարող լինել: Կա օրենք, ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում, հատկապես՝ նման գործերում»:
ՀՀ արդարադատության ներկայիս և այն ժամանակվա նախարարներ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը հրաժարվեցին մեկնաբանել ՄԻԵԴ վճիռը նույն պատճառաբանությամբ՝ դրան դեռևս չեն հասցրել ծանոթանալ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա ամբողջովին իրավաբանական խնդիր է: Ըստ նրա՝ բոլորը միասնական պետք է պատասխանատվություն կրեն. «Եվ նույն պատասխանատվությունը պետք է կրեն նաև հիմիկվա ընդդիմության գործիչները, որոնք եղել են նախկինում իշխանության մեջ: Նրանք բոլորը պատասխանատվությունը հավասար կրող մարդիկ են»:
Գործի քննության տարիներին և ներկայումս իշխանության մաս կազմող ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս հրաժարվեց մեկնաբանել՝ խնդրին ծանոթ չլինելու պատճառաբանությամբ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ որոշումն արդարացի և օրինաչափ է: Նա նշեց, որ գործի քննության ընթացքում լրագրող էր, և ծանոթ է գործին: Մնացած բոլոր հարցերը նա խորհուրդ տվեց ուղղել անձամբ Գագիկ Ջհանգիրյանին. «Ես հուսով եմ, որ ինքը բոլոր այդ հարցերի պատասխանները պիտի որ ունենա: Այո, հարցեր կան ՄԻԵԴ որոշման հետ կապված, որոնցից որոշների պատասխանը պետք է անպայմանորեն տա նաև Գագիկ Ջհանգիրյանը, և, ես կարծում եմ, որ նա կօգտվի իր սահմանադրական իրավունքից»:
Սակայն Գագիկ Ջհանգիրյանն առայժմ չի խոսում: Նա խոստացավ խոսել առաջիկա օրերին, իսկ մինչ այդ կլսի մյուսների կարծիքները. «Թող ձայները բացվի, հնչեն, խոսեն, հետո ես կխոսեմ»: