Հայտնի են Դոնի Ռոստովում կործանված «Բոինգի» աղետի հիմնական վարկածները
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն անվանել է FlyDubai ավիաընկերության «Բոինգ» ինքնաթիռի FZ-981 չվերթի կործանման երկու հիմնական վարկածները, հայտնում է LifeNews-ը:
Նրա խոսքով՝ խոսքը օդանավի տեխնիկական անսարքության կամ բարդ եղանակային պայմանների պարագայում օդանավը ղեկավարելու սխալի մասին է:
«Ներկայում դիտարկվում են Դոնի Ռոստովի ավիաաղետի երկու հիմնական վարկածները՝ պիլոտավորման սխալը՝ կապված հիդրոօթերևութաբանական պայմանների վատացման հետ կամ տեխնիկական անսարքությունը»,- հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Հիշեցնենեք, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժ. 3:50-ին Դուբայից Դոնի Ռոստով ուղևորվող Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռը կործանվել է: Մոտավորապես 100-200 մետր բարձրությունից օդանավը մեծ արագությամբ ու գրեթե ուղիղ անկյամբ բախվել է գետնին: Ինքնաթիռում գտնվող 55 ուղևորներից 50-ը եղել են ռուսներ: Ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ, ընդհանուր՝ 62 մարդ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Աշխատանքները աղետի վայրում շարունակվում են: Հաղորդվում է, որ հայտնաբերվել է սև արկղերից մեկը: