
Պուտինն իր ցավակցություններն է հայտնել Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովին անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Դոնի Ռոստովում կործանված Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռի զոհերի հարազատներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևն ու ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը Պուտինին զեկուցել են որոնողական աշխատանքների մասին, որոնք կատարվում են ինքնաթիռի կործանման վայրում: Նախագահը հայտնել է, որ հիմա գլխավորը զոհերի ընտանիքների ու մտերիմների հետ աշխատանքն է»,- ասել է Պեսկովը:
Պուտինն իր ցավակցություններն է հայտնել նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին ավիաաղետում:
Հիշեցնենեք, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժ. 3:50-ին Դուբայից Դոնի Ռոստով ուղևորվող Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռը կործանվել է:
Մոտավորապես 100-200 մետր բարձրությունից օդանավը մեծ արագությամբ ու գրեթե ուղիղ անկյամբ բախվել է գետնին: Ինքնաթիռում գտնվող 55 ուղևորներից 50-ը եղել են ռուսներ: Ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ, ընդհանուր՝ 62 մարդ:
Ներկայում դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: