«Նիկոլ Փաշինյանը կեղծ օրակարգ է փաթաթում». Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը «կեղծ օրակարգ է փաթաթում»: Նման կերպ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բնորոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իրեն ուղղված նամակ-առաջարկը, որով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջնորդել է «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձևավորվող թվով 28 ընտրատեղամասերում (25-րդ ընտրատարածք) ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:

Հարցին, թե ինչո՞ւ Լ.Զուրաբյանն անձամբ չպատասխանեց Ն.Փաշինյանին, ՀԱԿ խմբակցության ղեկավարը հարցով պատասխանեց՝ «դա էլ է հանցագործությո՞ւն»:

«Կոնգրեսը իր պարտականությունները օրենքի առաջ բոլորից լավ միշտ կատարել է: Ցանկացած ընտրություններում միշտ նշանակել է հանձնաժողովի իր անդամներին, որոնք բոլորից լավ պայքարել են օրինական ընտրական գործընթացի համար: Կարող եք չկասկածել, որ նույնը կկատարվի Հրազդանում, առավել ևս, որ նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը, որն իր համոզմունքների համար բանտում արժանապատիվ նստել է, երբեք չի կոտրվել, շարունակում է նույն սկզբունքայնությամբ պայքարել, ինչի վկայությունն է նաև վեջին հանրաքվեում Հրազդանի մեր կառույցի արձանագրած արդյունքը: Կարող եք չկասկածել, որ նույնը կկատարվի այս ընտրություններում»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը Հրազդանի ՏԻՄ ընտրություններում թեկնածու չի առաջադրել: Ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս