Ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին Բաղրամյան պողոտա. Իրավիճակը լարված է

Ազատության հրապարակում կազմակերպված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ որոշվեց երթով գնալ Հայաստանում ԵՄ ներկայացուցչություն և նամակ հանձնել: Ոստիկանությունը փակեց երթի մասնակիցների ճանապարհը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթը համակարգող Վարուժան Ավետիսյանին ասաց, որ կարգ են խախտում. «Հարգելի Վարուժան Ավետիսյան, դուք ներկայացրել եք լիազոր մարմնին՝ քաղաքապատերանին այլ երթուղի, կխնդրեմ, որ դուք օգտվեք այն իրավունքից, որը լիազոր մարմինն ի գիտություն է ընդունել՝ Հյուսիասային պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամրիյան-Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ Ազատության հրապարակ երթուղիով, իսկ դուք հակառակը՝ հայտարարեցիք, որ այլ երթուղիով եք գնում՝ Բաղրամյան-Դեմիրճյան-Պռոշյան պողոտայով:

Կարող եք պատճառաբանել, որ դուք գրություն եք կազմել, խնդիր չկա, կազմեք խումբ, պատվիրակություն, կարող եք գնալ և հանձնել, բայց գնալ և սահմանափակել մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը՝ ի գիտություն չընդունված երթուղիով՝ անընդունելի է, դուք կարգ եք խախտում»:

Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ խաղաղ հավաքներ և երթեր անցկացնել. «Եթե երթը խաղաղ է, անգամ, եթե իրազեկման մեջ նշված պայմաններից շեղվում է, ոստիկանությունը պարտավոր է ապահովել երթի անվտանգությունը և խաղաղ ընթացքը:

Դուք տեսնում եք, որ երթը խաղաղ է, քաղաքացիները խաղաղ են տրամադրված: Մեր հավաքի քաղաքական օրակարգով առաջացավ այնպիսի իրավիճակ, որ մենք պետք է նամակը հանձնենք ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն, ուստի հավաքի քաղաքական ազդեցության կարիքը պահանջում է, որպեսզի մենք գնանք և նամակը հանձնենք:

Եթե դրա հետ կապված կարող են առաջանալ իմ ՝որպես հավաքի կազմակերպիչի կարգապահության խնդիրներ, ապա խնդրեմ, դա ոստիկանության իրավասության շրջանակներում է, դուք կարող եք դիմել քաղաքապետարան: Մենք իրացնելու ենք մեր քաղքական իրավունքները»:

Օսիպյանը ասաց. «Եթե դուք, որպես հավաքի և երթի կազմակերպիչ, տալիս եք այն երաշխիքները, որ քաղաքացիների կողմից կարգ չի խախտվի , ապա ոստիկանությունը հանդուժողականություն կդրսևորի և կուղեկցի: Ես ձեզ ուղղորդում եմ հնարավորինս մայթեզրով գնալ: Մենք միասին պետք է փորձենք այնպես անել, որ չսահմանափակենք այլ քաղաքացիների իրավունքները»:

Համաձայնությունից հետո ոստիկանությունը թույլ տվեց անցկացնել երթը: Ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին Բաղրամյան պողոտա: Սակայն իրավիճակը լարված է:

Տեսանյութեր

Լրահոս