
Բրյուսելում հայտնաբերվել է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ԴՆԹ-ն

Փարիզում 2015թ. նոյեմբերի հարձակումների հիմնական կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ԴՆԹ-ն հայտնաբերվել է Բրյուսելում բնակարաններից մեկի խուզարկության ժամանակ, հայտնում են Բելգիայի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով իրավապահներին:
Բելգիայի դատախազության ներկայացուցիչը հայտնել է AFP-ին, որ բնակարանում հայտնաբերվել են նաև կասկածյալի մատնահետքերը:
Սալահ Աբդեսլամը մինչ օրս թաքնվում է իրավապահ մարմիններից: Հունվարին հրապարակվել էին նոր կադրեր տեսահսկման սարքերից, որոնց վրա պատկերված էր հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչը:
Բելգիայի պետական RTBF հեռուստառադիաընկերության տեղեկությունների համաձայն՝ վերջինս կարող էր փախչել բնակարանից երեքշաբթի օրը՝ մինչ խուզարկությունն սկսվելը, որի ընթացքում սպանվել էր ևս մեկ կասկածյալ:
Նրա եղբայրը՝ Մուհամմեդ Աբդեսլամը, փարիզյան հարձակումներից հետո ձերբակալվել էր Բելգիայի ոստիկանության կողմից ու ազատ արձակվել առանց մեղադրանքներ ներկայացնելու: Նրա մյուս եղբայրը՝ Բրահիմ Աբդեսլամը, մասնակցել է Փարիզի «Բատակլան» համերգասրահի վրա հարձակմանը և ինքնապայթեցվել: