Մահացել է Տեր Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ մարտի 18-ին` կյանքի 90-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Եղիշե Սրբազանի մահը:

Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը (ավազանի անունը` Զավեն) ծնվել է 1926 թ. հուլիսի 15-ին, Դամասկոսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ազգային Թարգմանչաց վարժարանում, փոքր տարիքից երգել է եկեղեցու դպրաց դասում:

1940 թ. Դամասկոսի Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու միջնորդությամբ ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանք: 1944 թ. հուլիսի 11-ին, ձեռամբ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու, ձեռնադրվել է սարկավագ: 1947 թ., ավարտելով դպրեվանքի ուսումնառության յոթամյա շրջանը, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1947-51 թթ. դասավանդել է դպրեվանքում և Մեսրոպյան նախակրթարանում` միաժամանակ վարելով մի շարք վարչական պաշտոններ: 1951 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթ ողիկոսի արտոնությամբ և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի հրավերով հովվական ծառայության է մեկնել ԱՄՆ:

1951-81 թթ. պաշտոնավարել է ԱՄՆ Արևելյան թեմի Նյու Յորքի Ս. Խաչ, Լիվինգստոնի Նյու Ջերսիի Ս. Աստվածածին, Մասաչուսեթս նահանգի Ուստրի Ս. Փրկիչ, Սաութֆիլդ Միչիգանի Ս. Հովհաննես, Ֆիլադելֆիայի Ուինվուտ քաղաքի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ, Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջի Ս. Երրորդություն և կարճ ժամանակով Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն եկեղեցիներում: ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից մեկ տարի ժամկետով կոչվել է Նյու Յորքի Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետի պաշտոնին:

1958թ. ապրիլին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան` ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայանի: 1966թ. ծայրագույն վարդապետության աստիճան է ստացել ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի: 1963-65թթ. ստանձնել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդությունը: Պաշտոնի հանգամանքով վարել է «Հայաստանեայց եկեղեցի» թերթի խմբագրությունը և թեմի կիրակնօրյա դպրոցների տեսչությունը: Հովվական պաշտոններին առընթեր, աշխատակցել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Հայ Եկեղեցու Երիտասա րդաց կազմակերպության «Արմինիան Գարդիըն» ամսաթերթին:

1961-68թթ. իր ծառայությունն է բերել ԱՄՆ Արևելյան թեմի Դպրաց դասերի ընկերակցության կենտրոնական վարչությանը` որպես խորհրդական և ատենապետ, ինչպես նաև 1963-67 թթ. թեմական խորհրդին:

1982թ. փետրվար 14-ին, ձեռամբ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1982թ. ապրիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ: 1993թ. հունվարին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել է արքության տիտղոսի:

Անգլիայում, որպես առաջնորդ և հայրապետական պատվիրակ, Հայ Եկեղեցին ներկայացրել է Քենթրբերիի արքեպիսկոպոսությունում, մասնակցել է միջեկեղեցական ժողովների և հավաքների, ինչպես նաև Անգլիկան Եկեղեցու Լամբերթի ժողովին: 12 տարի նախագահել է Անգլիայի Արևելյան Ուղղափառ Հայ, Ղպտի, Ասորի, Եթովպական և Հնդիկ Մալաբար Եկեղեցիների խորհուրդը:

2000թ. հոկտեմբերին առողջական պատճառներով հրաժարվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պարտականություններից և հանգստի կոչվել:

Տեսանյութեր

Լրահոս