Ադրբեջանը պետք է ազատի բոլոր քաղբանտարկյալներին. ԱՄՆ
ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանում 14 քաղբանտարկյալների ազատ արձակումը՝ կոչ անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատել խղճի մյուս բանտարկյալներին, հայտնում է Turan-ը:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության դրական քայլը, որն ազատել է ավելի քան 10 անձի, որոնք բանտում էին գտնվում մարդու իրավունքների կամ հիմնարար ազատությունների ոլորտում կատարած իրենց աշխատանքի համար:
Մենք նաև կոչ ենք անում կառավարությանն ազատել մյուս անձանց, որոնք, համընդհանուր կարծիքի համաձայն, բանտարկվել են իրենց ազատությունների համար ու դադարեցնել ազատ արձակվածների տեղաշարժի սահմանափակումը»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որով ազատ է արձակել երկրի շուրջ 100 քաղբանտարկյալների մի մասին: Նրանց թվում են Nida շարժման ղեկավարներ Մոհամմեդ Ազիզովը, Ռաշադաթ Ախունդովը և Ռաշադ Հասանովը։
Ալիևը համաներում է շնորհել նաև «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի տեղակալներ Թոֆիկ Յագուբլուին և Յադիգար Սադըգլիին, իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովին, Թալե Խասմամեդովին, Անար Մամեդլիին և Հիլալ Մամեդովին:
Ազատ են արձակվել նաև ընդդիմադիր Նեյմաթ Փանախլըն, բլոգեր Օմար Մամեդովը, խղճի բանտարկյալ Սիրաջ Քերիմլին, լրագրող Փարվիզ Հաշիմլին, Ադրբեջանի նախագահի գործերի նախկին ղեկավար Ակիֆ Մուրադվերդիևը։
Ընդհանուր առմամբ, համաներվել է 148 մարդ, նրանցից 137-ն ազատ են արձակվել պատժի կրման ժամկետից, 6-ը՝ ուղղիչ աշխատանքների կատարման ժամկետներից, 5-ը՝ տուգանքներ վճարելուց։
Նրանց թվում, ովքեր դեռ բանտում են, լրագրող Խադիջա Իսմայիլովան է, Նիջաթ Ալիևը, Արազ Գուլիևը, Սեյմուր Խազին ու տասնյակ այլ քաղբանտարկյալներ: